Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը չորս զոհ, մեկ վիրավոր ունի
Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», – ասել է Քոչարյանը՝ նշելով, որ հայկական կողմի 4 զոհն ու վիրավորը «Երկրապահ կամավորական միության» (ԵԿՄ) անդամներ են։ Ըստ Քոչարյանի՝ իրավիճակն այս պահին կայուն է։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը որոշ մանարմասներ է ներկայացրել.- «Կամավորականները որոշակի դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, որտեղ տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է: Իսկ ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել, թե ոչ, ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը»։ Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ զոհերը 40-ից 67 տարեկան են։ Պաշտպանության նախարարությունն էլ ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ 50-ամյա Էդուարդ Համլետի Հարությունյանը, 42 – ամյա Գագիկ Վարազդատի Մանուկյանը, 45-ամյա Արսեն Գագիկի Համբարձումյանը և 67-ամյա Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը։ Ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com