ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն մոտեցումը, որ իրենք չեն զրկի ժողովրդին՝ իշխանություն ձևավորելու լծակից: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: «Կա շատ հստակ մի բանաձև՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը: Չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու հնարավորությունից և լծակներից ու իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը շարունակեն մերժել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իրենց առաջարկած տրամաբանությունը, ապա իրենք համապատասխան դիրքորոշում կձևավորենք այդ մոտեցման նկատմամբ: Փաշինյանն անդրադարձել է նաև պատերազմի առնչությամբ հարուցված շուրջ 1300 քրեական գործերին՝ նշելով, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ՀՀ Պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ հարուցված 1358 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: «Պատերազմի հետ կապված շուրջ 1300 քրեական գործ կա և այդ գործերով ընթանում են նախաքննություններ: Պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան առավելագույնս արդյունավետ պատասխաններ»,- հայտարարել է Փաշինյանը:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com