Անձնագրի վավերականության ժամկետը լրացած քաղաքացիները ՏԻՄ ընտրություններում չեն ընդգրկվի ցուցակներում
Այն անձինք, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար չեն ընդգրկվի ընտրական ցուցակներում: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի հարցին: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ խնդիրն, ըստ էության, ավելի շատ ոչ թե վերաբերում է ցուցակների մաքրմանը, այլ՝ ցուցակների կազմման մեթոդաբանությանը: Այսօր ցուցակները կազմելու համար անհրաժեշտ է, որ անձը լինի ՀՀ քաղաքացի, ունենա հաշվառում ՀՀ-ում: «Վերջին փոփոխությունների համաձայն, որը կիրառվելու է այս ՏԻՄ ընտրություններում, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներգրավվի այդ ցուցակներում: Եթե տարբեր հիմքերով ցանկանում ենք սահմանափակել ընտրական ցուցակներում անձանց ընդգրկումը, հետևաբար, պետք է ուղղակիորեն փոխենք ցուցակների կազմման մեթոդաբանությունը: Այսօր սահմանադրական օրենքը սահմանել է որոշակի կարգ, թե ովքեր պետք է մտնեն այդ ցուցակներ, և այդ կարգին համապատասխան էլ ձևավորվում են ընտրական ցուցակները»,-ասել է Մուկուչյանը: Նա հավելել է, որ, սակայն, ընտրական օրենսդրությունը սահմանել է նաև բավականին լայն գործիքակազմ՝ այդ ամենը լիարժեք վերահսկելու, տեսնելու, մասնավորապես՝ ցուցակների՝ ըստ տեղամասերի հրապարակումը, դրանց՝ որոնման հնարավորությամբ մշտապես հրապարակված լինելը ԿԸՀ կայքում, ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը: ԿԸՀ նախագահը նշել է, որ եթե կորոշվի որևէ այլ մեթոդաբանությամբ կազմել այդ ցուցակները՝ լիազոր մարմինն այդ կերպ կկազմի, սակայն այսօրվա օրենսդրությունը դրանց վերահսկողությունը լիարժեք հնարավոր է դարձնում և ընդծել՝ այս ընտրությունների ժամանակ մի մասով լուծումն արդեն կլինի, սահմանված է, որ անվավեր անձնագրերով քաղաքացիների տվյալները չեն լինելու այդ ցուցակներում:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com