Արցախի ԱԳ նախարարը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հայկական կառույցների պղծման կապակցությամբ

Նոյեմբերի 19-ին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ադրբեջանական կողմի իրականացրած հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։Այս մասին Մայիլյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասնելով.«Նամակում նշել եմ, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, որտեղ տեղակայված են հայկական ժառանգության բազմաթիվ մշակութային հուշարձաններ, հայտնվել է Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ։Ուշադրություն եմ հրավիրել այն փաստին, որ համացանցում շրջանառվում են տեսագրություններ և լուսանկարներ, որտեղ երևում են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պատերին ադրբեջաներեն գրություններ։ Քանդվել են եկեղեցու կոմպոզիցիոն մասը կազմող քանդակներ, վնասվել՝ անմիջապես եկեղեցում գտնվող արտեֆակտեր։ Ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարված են հասցրել եկեղեցուն։ Հարձակման հետևանքով լուրջ վնասներ են հասցվել եկեղեցուն։ Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվել են լրագրողներ, որոնք եկեղեցում էին՝ առաջին հարվածի հետևանքները փաստագրելու նպատակով։Ընդգծել եմ, որ հայկական պատմական և մշակութային ժառանգության գոյության սիստեմատիկ ժխտումը և դրա ոչնչացումը վաղուց արդեն նորմ են Ադրբեջանում և հայերի նկատմամբ ատելություն ու այլատյացություն սերմանելու պետական քաղաքականության մաս են կազմում։ Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներում տեղակայված հայկական ժառանգության մշակութային հուշարձանների ոչնչացման սպառնալիքի կապակցությամբ շեշտել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդյունավետ քայլեր ձեռնակրելու անհրաժեշտությունը՝ ապահովելու հայկական պատմական, մշակութային և հոգևոր հուշարձանների պաշտպանությունը և երաշխավորելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը»:

Աղբյուր՝  https://www.facebook.com/MasisMayilian/posts/3559698417432667

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments