Արցախի նախագահը կոչով դիմել է հայրենիքում ու Սփյուռքում ապրող հայրենակիցներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հերթական կոչով դիմել է հայրենիքում ու Սփյուռքում ապրող հայրենակիցներին: Նախագահն ընդգծել է՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է: «Պաշտպանության բանակը այդ ընթացքում շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ: Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորում մայր Հայաստանից և Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները: Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև ժամկետային մեր հերոս երիտասարդների մասնակցությունը»:Հարությունյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: «Վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում Մոսկվայում, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և հայտարարություն է կատարվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և հետագայում բանակցությունները վերսկսելը: Բայց ի՞նչ է տեղի ունեցել: Հակառակորդը՝ հակառակը՝ օգտվելով առիթից այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ ճակատի գրեթե ամբողջ երկայնքով մանավանդ հարավային ուղղությամբ: Եվ հակառակորդին հաջողվել է ինչ որ տեղ մխրճվել, ինչ որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ»:Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար մի ճանապարհ կա. պարտադրել այդ հրադադարը: «Մենք պատարստ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության առումով պատասխանատվությունը, և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, թեև դեռ ուշ չէ: Հակառակորդը ընտրել է այդ ճանապարհը, ընտրել է ոչ թե Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությունը, հետո հնարավորության դեպքում նաև Հայաստանին: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք»:

Տեսանյութ՝  https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/3458494714220124/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments