Բացվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահը
Վերանորոգումից հետո վերաբացվեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Կատարված աշխատանքներին ծանոթանալու ու ժամանման նոր սրահի բացմանը ներկա գտնվելու համար այսօր Գյումրիում էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության պատասխանատուները: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շրջանակում «Շիրակ» օդանավակայանում կառուցվել է նոր ժամանման սրահ և ամբողջությամբ նորոգվել վազքուղին: Ժամանման նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել: Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվել են վազքուղու նորոգման աշխատանքներ: Այն ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Վազքուղու համար կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կարևորել է Շիրակի մարզում միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան ունենալը՝ ընդգծելով, որ այն դառնալու է Շիրակի մարզի զարգացման կարևոր գրավականը և նպաստելու է մարզում զբոսաշրջության զարգացմանը և հավելել՝ օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com