Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսաուղերձով դիմել է ազգաբնակչությանը՝ կոչ անելով խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, փրկել կյանքեր, քանի որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք:«Հիմա հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և մյուս խնդիրները, կարծես թե, մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ»,- ասել է Թորոսյանը: Այս օրերին վիրավորում ստացած բոլոր զինծառայողներին, կամավորներին, խաղաղ բնակիչներին մաղթելով առողջություն և շուտափույթ ապաքինում՝ Թորոսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, զուգահեռ իրականությունում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ: «Հիվանդության՝ օրեցօր ավելացող դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին՝ ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, և, ցավոք, խլում կյանքեր: Այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Վստահորեն կարելի է արձանագրել, որ 3 կանոնների կիրառումը՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, դրական արդյունք է տվել ամռան ամիսներին, ինչը նշանակում է, որ հնարավոր է անհատական մակարդակում ազդեցություն ունենալ վիրուսի տարածումը կանխարգելելուն»,- ընդգծել է նա։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և սփյուռքի տարբեր բժշկական հաստատություններից առաջնագիծ մեկնած հարյուրավոր բուժաշխատողների, բոլոր բուժաշխատողներին՝ 10 ամիս շարունակ կորոնավիրուսային հիվանդության դեմ անխոնջ պայքարելու և կյանքներ փրկելու համար: Նախարարն իր խորը վշտակցությունն ու ցավակցությունն է հայտնել նահատակված հերոսների հարազատներին և մտերմիներին: «Հիշեք՝ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Կրիր դիմակ, փրկիր կյանքեր»,- եզրափակել է Թորոսյանը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments