Բրյուսելում երկու որոշում է կայացվել. Փաշինյան

Բրյուսելում երկու որոշում է կայացվել. Փաշինյան ՀՀ կառավարության հերթական նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում Իլհամ Ալիևի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպմանը: Վարչապետի հաղորդմամբ՝ Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել՝ երկու երկրների միջև սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով:

«Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն: Ես արդեն բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր նկատառումները, և տեղյակ եք, որ, ի պատասխան Ադրբեջանի առաջարկների, մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը նաև նշել է, որ հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացումը, մասնավորապես՝ Փառուխի դեպքերը, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: «Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, ու այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը անում ենք ու կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հայտարարել եմ: Ըստ այդմ՝ ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն՝ իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը ապահովելու համար»,- նշել է Կառավարության ղեկավարը:Փաշինյանը նաև հայտնել է, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և ԵՄ նախագահի հետ քննարկել են հումանիտար մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ քննարկվել է նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը: «Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրը անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի 44-օրյա պատերազմից է, 777 հոգին՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը», – ասել է նա:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments