Գյումրու անօթեւանների համար բնակարանները կկառուցվեն

Գյումրիում 12 բնակարան կկառուցվի տնակում բնակվող անթեւան ընտանիքների համար. անօթեւանության խնդրի լուծման նպատակով ԱՌՔ բարեգործական հիմնադրամն ու Գյումրու համայնքապետարանը նոր ծրագիր են մեկնարկում: Գյումրի Համայնքի նորընտիր ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանին և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին: Ծրագրի իրականացման համար Գյումրու ավագանին հիմնադրամին անհատույց օգտագործման է հատկացրել հողատարածք՝ կիսակառույց շենքերի հիմքերով։ Շենքը կառուցվելու է Անի թաղամասի սկզբնամասում՝ Մ․Խորենացի փողոցի 46 հասցեում։ Կառուցվող շենքը լինելու է քարաշեն, քառահարկ, ներքին հարդարմամբ։ Ներկայում ընթանում է նախագծանախահաշվային գործընթացը։ Բնակարանները կառուցվելու են՝ ըստ շահառուների պահանջված թվի։ Բնակարանի շահառու կարող է լինել տնակում բնակվող անօթեւան ընտանիքը․ բնակարանների սենյակների թիվը որոշվելու է՝ հաշվի առնելով անօթեւան ընտանիքի պահանջարկը.բնակարանի ծախսերի 50 տոկոսը 10 տարում փակելու է անօթեւան ընտանիքը։ Նախատեսված բնակարանների կառուցման, ներքին հարդարման համար նախատեսվում է ծախսել 240-280 հազար ԱՄՆ դոլար։ Գյումրի համայնքը շենքի կառուցման ընթացքում լուծելու է ենթակառուցվածքների խնդիրները։ Գումարի չափը կախված է բնակելի մակերեսից։ Նախատեսվում է ձեւավորել հանձնաժողով, մշակել ծրագրի շահառուների չափորոշիչները, ծրագրի շահառուների հավաքագրման նպատակով հայտարարություն հրապարակել, ընտրել շահառուներին, ապա նոր կառուցել շենքը։ Շենքի կառուցումը նախատեսվում է հաջորդ տարվանից։ Մեկ բնակարանի ծախսի գումարի 50 տոկոսը տասը տարում փակելու է բնակիչը, որից հետո բնակարանի սեփականատեր է դառնալու։ Բնակչի ներդրած 50 տոկոս գումարով հիմնադրամը շարունակելու է ծրագիրը՝ ընդգրկելով նոր շահառուների։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments