Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: Ըստ նախարարության հիմնավորման՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ, ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում՝ հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:
Աղբյուր՝ https://www.e-draft.am/projects/2801
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com