Խոստանում են քաղաքը ճգնաժամից դուրս բերել․ Գյումրիին՝ նոր քաղաքապետ, Շիրակին՝ նոր մարզպետ
Գյումրու փրայմերիզում, նախնական ընտրություններում, ձայների մեծամասնությամբ՝ ավելի կոնկրետ 253 ձայնով, հաղթեց Սարիկ Մինասյանը։
Այսօր վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորեց Սարիկ Մինասյանին, հետո շնորհակալություն հայտնեց նախնական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին։ Նշենք, որ Մինասյանը միակ թեկնածուն էր, որը դեռ ՔՊ անդամակցություն չուներ, բայց նախնական ընտրությունները ամփոփելիս ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրությունները կգլխավորի Սարիկ Մինասյանը։
Նախնական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին շնորհակալություն հայտնելուց հետո վարչապետ Փաշինյանը պաշտոնապես երկու նշանակում արեց․ նախ՝ Սարիկ Մինասյանին՝ որպես Գյումրու ղեկավարի ժ/պ, հետո՝ ընտրություններում երկրորդ տեղը գրաված Դավիթ Առուշանյանին՝ Շիրակի մարզպետի պաշտոնում, որպեսզի գյումրեցին հավատա, որ Գյումրեցու որոշումները ուղիղ ազդեցություն ունեն իր որոշումների վրա, հավատացրեց Փաշինյանը։
Արդեն Գյումրու համայնքապետարանում ՏԿԵ նախարարն է ներկայացնում Սարիկ Մինասյանին համայնքի ղեկավարի ժ/պ։ Աշխատանքի բերումով տարիներ առաջ աշխատակազմի հետ աշխատելու փորձ ունի, նշում է Մինասյանը, բայց իր հետ աշխատելու կմնան նրանք, ովքեր դրսևորվել են մարդկային ձևով, որպեսզի կարողանան քաղաքը ճգնաժամից դուրս հանել։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց՝ արդյունքները թույլ են տալիս ասել, որ Մինասյանը վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը, ինչը նման պաշտոնում նշանակվելու համար կարևոր պայման է, բայց փաստորեն պակաս կարևոր չէ ՔՊ վարչության հավանությունը, մասնավորապես առաջիկա արտահերթ ընտրություններում։
Խուդաթյանը նաև վստահեցնում է՝ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն Գյումրի քաղաքում։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com