Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզին՝ սուբվենցիոն ծագրերի համաֆինանսավորման համար
Կառավարությունն այսօր մոտ 4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով: ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման ենթակա սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021, 2022 և 2023 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ հատկացնելով 3,993,815.5 հազար դրամ: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ մի շարք փոփոխություններ և հատկացումներ են նախատեսված: Մասնավորապես՝ Շիրակի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով կառավարությունը հատկացրել է 372 մլն դրամ:
Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը, որոնց համար կառավարության այսօրվա որոշմամբ գումար է հատկացվել: Շիրակի մարզում՝ Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում, Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ների և բակերի կարիքների համար նստարանների ու աղբամանների ձեռքբերում, Գյումրի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների և սարքավորումների ձեռքբերում, Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգում , Անի համայնքի Լանջիկ բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում, Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ, Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում, Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների փոխհատուցումն իրականացնելու նպատակով էլ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 4 մլն 600 հազար դրամ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com