Կառավարությունը հաստատել է Արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու նախագիծը

Կառավարությունը հաստատել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը։ Ներկայացված փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։ «Առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի Ազգային անվտանգության ծառայության գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին»,- ասաել է Գրիգոր Մինասյանը։ Մինասյանի խոսքով՝ նախագծային դրույթներով սահմանվում են ծառայության լիազորություններում կառուցվածքը, կազմավորման գործունեության ծառայողների ծառայության անցնելու, պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները։ «Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից երեք տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,- ասել է Մինասյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխարհը փոխվում է և արտաքին հետախուզական ձևերը ու մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում, ուստի շատ կարևոր է, որ Հայաստանը կարողա իր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան։ «Այդ իմաստով , կարծում եմ, կարևոր արձանագրումներից այն է, որ տեսնում ենք՝ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Այս առումով որոշում ենք կայացրել, և դա նշված է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարության մեջ. ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին»,- նշել է Փաշինյանը։ Կառավարությունը 1 միլիարդ 272 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը խոսքով՝ 25 սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Աղբյուր՝https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/12/08/Cabinet-meeting/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments