Կառավարությունը տարբեր ծրագրերով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս պահի դրությամբ հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար

Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում, եթե նրանք հնարավորություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն պարագայում և այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը և եղբայրներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ մենք ամեն ինչ անենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Մենք ուզում ենք, որ բոլորը առանց բացառությամբ մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մեր քաղաքականությունն այս է լինելու»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի ունեցած տեղեկություններով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2500 անձ դուրս է եկել Հայաստանից։ «Հույս ունեմ, որ նրանք պարզապես շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու։ Մենք ժողովրդագրության, բնակարանի ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կախված ծրագրեր ունենք։ Մենք բոլոր այդ ծրագրերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդկանց Հայաստանում մնալու հնարավորությունները օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվեն»,- ասել է Փաշինյանը։ Գործադիրը հաստատել է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և/կամ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ըստ հիմնավորման՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարիք ունեն դրամական տեսքով պարբերական սոցիալական աջակցության՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար: Ըստ այդմ, նախատեսվում է նրանց ցուցաբերել սոցիալական աջակցություն 6 ամիս ժամկետով՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Կառավարությունը 2 մլրդ 252 մլն դրամ է հատկացրել 7 մարզերի 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Կառավարությունն ընթացիկ տարում արդեն շուրջ 303 ծրագրի համար ֆինանսավորել է 18 միլիարդ 556 միլիոն դրամ»,- ասել Սանոսյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 30 միլիոն դրամ, Արարատի մարզ՝ 208 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 118,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 647 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 115 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 1 միլիարդ 119 միլիոն դրամ և Վայոց ձորի մարզ՝ 33 միլիոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են մարզերում կապիտալ ներդրումներին` մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments