Կառավարությունը 2021-ի առաջին նիստն է գումարել
Այսօր կառավարությունը 2021-ի առաջին նիստն է գումարել։Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին հաջողություն է մաղթել պարտականությունների կատարման ու երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործում։«Մեր առաջին նիստն է, ուզում եմ բոլորիս հաջողություն մաղթել այս դժվար ժամանակաշրջանում որպեսզի մեր պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից։ Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն և կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմնին», – ասել է Փաշինյանը։ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարի խոսքով՝ այս փաթեթով ներդրվում է երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում: «Նախատեսում ենք դատավորների թվակազմի ավելացում, ընդհանուր թվով՝ մինչև 21 դատավորի հաստիք կլինի Առաջին ատյանի դատարանում ու 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում», – նշել է Բադասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ են մտնում: Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է պարեկային ոստիկանության ձևավորում: «Կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը: Ընդ որում, սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է», – ասել է Փաշինյանը: Նա նշել է, թե դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է կիրառվելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է, որը շատ լայնորեն քննարկվում է:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com