Հայաստանը 30 մլն եվրո աջակցություն կստանա.
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս համաձայնագրի նախագծով սահմանվում է Եվրոպական միության կողմից «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ծրագրի ֆինանսավորումը՝ 30 մլն եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ Համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com