Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է. Փաշինյան
Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է, ասել է գործադիրի ղեկավարը։ Հիշեցնելով սեպտեմբերի 1-ի Սոթքի դեպքերը, որի հետևանքով 3 հայ զինվոր զոհվեց, հրադադարի ռեժիմը խախտելու մասին լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից, Լաչինի միջանցքի արգելափակված լինելը, Լեռնային Ղարաբաղում գագաթնակետին հասած հումանիտար ճգնաժամը՝ Փաշինյանը շեշտել է՝ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ «Նման սադրանքը հիմանավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր», – ասել է գործադիրի ղեկավարը, չստակեցնելով, թե ինչ թեզերի մասին է խոսքը, սակայն հայտարարել է՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն՝ տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը 2021-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պարահայում և 2023-ի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, էական համարեց ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում և Լաչինի միջանցքի ապաարգելափակումը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների։ «Այս ամենի հենքի վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին», – եզրափակել է վարչապետը։
https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2023/09/07/Cabinet-meeting-Speech/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com