Հայկական կողմի զոհերի թիվը հասավ 135-ի. ԱԽ-ն որոշել է դեռ ձեռնպահ մնալ ռազմական դրություն մտցնելուց
Հայկական կողմի զոհերի թիվը հասավ 135-ի. ԱԽ-ն որոշել է դեռ ձեռնպահ մնալ ռազմական դրություն մտցնելուց Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը: Վարչապետի առաջարկությամբ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերն ընդունվել են չզեկուցվող փաթեթով: Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասավ 135-ի: Այս տվյալը Կառավարության նիստի ժամանակ հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հավելելով՝ «բայց, ցավոք, այս թիվը վերջնական չէ»: «Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ», – ասել է վարչապետը: Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ Հայաստանի մշտական ներկայացուցչի հրպարակած տվյալների համաձայն՝ հայկական կողմում կան տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ, առնվազն 7 ռազմագերի է նույնականացվել, և չի բացառվում, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել: Մոտ 200 տուն զգալի վնասներ է կրել, 60֊ը` լիովին ավերվել: «Ջերմուկի ռմբակոծումը, որտեղ ռազմական ոչ մի թիրախ չկա, պատերազմական հանցագործություն է», – պնդեց Մհեր Մարգարյանը, հավելելով` Ադրբեջանը թիրախավորել է նաև Կեչուտի ջրամբարը` ստեղծելով բնապահպանական ու հումանիտար ահռելի վտանգներ: Հայաստանի Անվտանգության խորհուրդը քննարկել է երկրում ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը, սակայն որոշել է դեռ ձեռնպահ մնալ այս որոշումից, ուրբաթ օրը Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշել է, որ կան քաղաքացիներ, ովքեր ցանկանում են մասնակցել սահմանների պաշտպանությանը, և նրանք կարող են գնալ զինվորական կոմիսարիատներ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com