ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը,այս մասին ասված է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում: «Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։ Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության»,- ասված է հաղորդագրությունում: Արտգործնախարարությունը կարևոր է համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը։ «Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն:
Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/12/04/France_Resolution/10690
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com