ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 79 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներ: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել էր, որ մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: Այսպիսով` սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը, որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:Նախագծերով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: Նախատեսվում է Էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայությունների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով: Այս տարի ներդրվել է այդ ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:Գրեթե բոլոր գործընթացներում կնվազի վարչարարությունը: Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, սահմանվել է՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ բարեհունչ անուն ընտրելը, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: Ընդ որում, առանձին տառերի, թվերի ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպակների շտկման համար: Հանվել են պետական տուրքերը՝ ամուսնության համար: Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը. այն ընդունվել է միաձայն` 78 «կողմ» ձայնով:Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով:
Ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը կազատել հարկումից, իսկ դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը կհամապատասխանեցվեն համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին: ՀՀ կառավարության ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվել է 79 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայնով:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments