ՀՀ ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը
Գերմանիայի Բունդեսթագում երեկ կազմակերպվել է օնլայն հատուկ քննարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել առանձին զեկույցով։ Ըստ Պաշտպանի գրասենյակի, Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Նա նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին: Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին: Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդի և Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։ Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր: Պաշտպանի գրասենյակը նշում է, որ Թաթոյանի կողմից հավաքագրված ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցները Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը փոխանցել է Գերմանիայում գործող Amnesty international իրավապաշտպան կազմակերպությանը։ Նշենք, որ հայկական կողմն անհերքելի ապացույցներ ունի Ադրբեջանում գտնվող շուրջ 200 գերիների մասին։ Ադրբեջանը հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը։ Ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:
Աղբյուր՝ https://www.ombuds.am/am/site/ViewNews/1561
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com