Նոր վարկային համաձայնագիր, որով Հայաստանին 17 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի

Ազգային ժողովն այսօր քննարկել է Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև այս տարվա ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ այս համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին 2 ծրագրերը, որոնք ուղղված են համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը։ «Վերջին ծրագիրը, որ իրականացվել էր մինչ այժմ, ուներ 30 միլիոն դոլարի արժեք, և իրականացված ծրագրի շրջանակներում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, առողջպահական հաստատություններ, կառուցվել են համայնքային կենտրոններ, գույքով են համալրվել մանկապարտեզներ, հանրակրթական դպրոցներ և այլն»։Նախարարի տեղակալը նշել է, որ այս համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրվող լրացուցիչ ֆինանսավորումը կկազմի 17 միլիոն եվրո։Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում օժանդակություն է նախատեսվում սոցիալ-տնտեսական զարգացմանը տեղական մակարդակում, միջհամայնքային սոցիալական-տնտեսական նախաձեռնություններին։ Նախատեսվում է նաև ինստիտուցիոնալ օժանդակության տրամադրում, կարողությունների գնահատում և տեխնիկական աջակցություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։ «Այս ծրագիրը մենք գնահատում ենք էֆեկտիվ, որովհետև նախկին ծրագրերը, որ իրականացվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից, էականորեն բարելավել են մեր համայնքային ենթակառուցվածքները»։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments