Շառլ Ազնավուրի արձանը լուսավորվում է՝ երկրագիտական թանգարանը մնում խավարում․ ավագանու արտահերթ նիստ
Այսօր՝ օգոստոսի 15-ին Գյումրի համայնքի ավագանին արտահերթ նիստ էր գումարել, որին մասնակցում էր ավագանու 19 անդամ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց, որոնցից առաջինը՝ Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց N 74 հասցեի Շիրակի Երկրագիտական թանգարանի շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելուն էր վերաբերվում։ Նշենք, որ Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը անվարձահատույց վարձակալության կտրվի Լոզանի հյուրընկալության դպրոց բացելու համար, բայց մինչ այդ շենքը նախ պետք է համայնքապատկան դառնա։
Հիշեցնենք, որ 2018 թվականին կառավարության որոշմամբ վիրաբուժական հիվանդանոցի շենքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին, բայց մինչ օրս էլ թանգարանը շարունակում է գործել Մյասնիկյան փողոցի շենքերից մեկում, ցուցանմուշների տեղավորման խնդրով և շենքային անբավարար պայմաններով։ Այնուամենայնիվ ավագանին համաձայնություն տվեց նախկին հիվանդանոցի շենքը համայնքին նվիրաբելու որոշմանը։ Շենքը շվեցարական կողմին հանձնվելու է անվարձահատույց ու անժամկետ, բայց իրենք էլ պարտավորոված են լինելու քաղաքում ներդրումներ կատարելուն։
Հաջորդ հարցը՝ «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի համաներդրման/համաֆինանսավորման նպատակով, դրամական միջոցներ հատկացնելուն էր վերաբերում։ Օրեր առաջ Գյումրին այս ծրագրի շրջանակներում ձեռք բերեց 5 էլեկտրական ավտոբուս։ Պարզվում է վերջիններս շահագործելու համար անհրաժեշտ է քաղաքի բյուջեից բնապահպանական հարկ վճարել։ Այս հարցը ևս ավագանին հաստատեց։ Հաջորդ հարցը վերաբերում էր Գյումրի քաղաքի Անկախության հրապարակ 1 հասցեում գտնվող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շենքի և Ազնավուրի հրապապարակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանի ու կամարի գեղարվեստական լուսավորության աշխատանքներն իրականացնելու համար գումար հատկացնելու մասին:
Այս մասով տեղի ունեցած քննարկումից հետո քվերակության դրվեց հարցի մի հատվածը՝ Շառլ Ազնավուրի արձանի ու կամարի գեղարվեստական լուսավորության աշխատանքներն իրականացնելու մասը, որին ավագանին տվեց իր համաձայնությունը, իսկ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շենքի գեղարվեստական լուսավորությանն առնչվող հատվածը հանվեց քվեարկությունից:
Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանի խոսքով կան փողոցներ, որտեղ ընդհանրապես լույս չկա և անիմաստ է անկախության հրապարակում թերի լուսավորության համար տրամադրել բյուջեից զգալի գումար։ Նշենք, որ Շառլ Ազնավուրի արձանի ու հրասպարակի լուսավորության աշխատանքների համար կհատկացվի 10 մլն․ դրամ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com