Ոչ թե ծրագրերի ու գաղափարների, այլ անհատների պայքար Գյումրիում նախընտրական կրքերը սկսում են թեժանա

Գյումրիում տեղական իշխանության հասնելու համար պայքարը վերջին 10 տարիներին միշտ էլ ակտիվ է եղել: 2016 թվականին 11 քաղաքական ուժ էր ձգտում իշխանության, 2021 թվականին` 10, իսկ այս տարվա ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվեց 9 քաղաքական ուժ, թեև ի սկզբանե 10-ից ավելի ուժերի անուններ էին շրջանառվում:
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հայտ ներկայացրած 6 կուսակցությունից և 3 դաշինքից ավագանու թեկնածուների ամենափոքրաթիվ՝ 23 թեկնածուի ցուցակ է ներկայացրել «Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցությունը: Ցուցակի առաջին տեղում գործարար Արտյոմ  Ղարաղազարյանն է։ Նա իշխանության է գալիս Գյումրին «Ճիշտ քաղաք» դարձնելու համար:
«Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» եւ «Եվրոպական» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Եվրադաշինքը», Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել 25 թեկնածուի ցուցակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, լրագրող Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ։ Նա առաջնորդվելու է քաղաքի շահով, ջանալու է մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում: Իշխանության է գալու Գյումրու կոնկրետ խնդիրների համար կոնկրետ լուծումների առաջարկով:

«Ապրելու երկիր» կուսակցությունը ավագանու 30 թեկնածուի ցուցակով է մասնակցելու ընտրություններին: Այն գլխավորում է Գյումրու նախկին ավագանու անդամ Կարեն Մալխասյանը։ Նա վստահեցնում է, որ հասել է ժամանակը ճիշտ ընտրություն կատարելու՝ հանուն Գյումրու և գյումրեցու:
«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցության 32 թեկնածու ունեցող ցուցակի առաջին համարը զբաղեցնում է երգիչ Արտյոմ Թումանյանը։ Հանդես է գալիս <<հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ գյումրեցի եմ>> կարգախոսով։
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության 33 թեկնածուով ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա նորովի քարոզարշավ է սկսել՝ Աստվաշնչյան ու դիցաբանության մոտիվներով:
«Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Մեր քաղաքը» դաշինքը 34 անձից բաղկացած ցուցակով է մտել ընտրապայքարի: Ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա Գյումրին ուզում է դարձնել <<քաղաք, որին արժանի ես դու>>:
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը 40 թեկնածուի անուն է ներառել ցուցակում, առաջին տեղում պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ <<Ես քո Գյումրին եմ>> կարգախոսով ու քաղաքի թաղամասերով շրջելով է նա Գյումրին գովերգում:

56 անձից է բաղկացած «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար,  իմ հայրենիք» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը: Այն գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը։ Նա ոչ թե համայնքային, այլ պետական իշխանության գործառույթ է ստանձնել իր կարգախոսով: Գյումրին ուզում է վերածել ազատ տնտեսական գոտու, քաղաքին խոստանալով անհավանական թվով` 15.000 աշխատատեղ:
Իսկ ամենամեծ ցուցակը` 99 թեկնածուով ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջին համարը Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։ ՔՊ-ի պաստառին Գյումրին գովաբանող խոսքեր չկան, ամեն ինչ ասված է 2 բառով` <<Մեր Սարիկը>>:
Եվ այսպես Գյումրու ավագանու 33 մանդատի համար 372 թեկնածու է առաջադրվել: Առաջիկա 5 օրերի ընթացքում թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգելու է թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը, որից հետո կկատարի գրանցումները:

Պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է մարտի 15-ից, բայց թեկնածուների նախընտրական արշավն արդեն բուռն ընթացքի մեջ է: Նախընտրական պաստառներից գյումրեցիներին ժպտացողների պակաս չկա: 4 տարի առաջ էլ էր այդպես, արդյունքը եղավ կառավարման ձախողումն ու բազմաթիվ խոստումների անկատարությունը: Թեկնածուների քանակին ու բազմազանությանը անհամահունչ, կարծես պասիվ ու չկողմնորոշված են քաղաքացիները: Հիասթափությունները ոմանց մոտ գերազանցել են սպասելիքները:

վերջին 10 տարիներին Գյումրիում արձանագրվել է ընտրողների ցածր մասնակցություն։ Սկսած 2012 թվականից ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը նվազել է, իսկ 2021 թվականին գրանցվել է ընդամենը 24 % մասնակցություն: Այս անգամ էլ գյումրեցիներից ոմանք առանձնապես հետաքրքրված չեն ընտրություններով:

Նախորդ ընտրությունների նման, այս անգամ էլ ընտրական մրցակցությունը ոչ թե քաղաքական ուժերի գաղափարների, այլ ցուցակների առաջին համարները զբաղեցնող թեկնածուների միջև է: Որոշ թեկնածուներ արդեն չեն կարողանում զսպել միմյանց հանդեպ ունեցած անհանդուրժողականությունն ու հակակրանքը և քարոզարշավի շրջանը վերածել են հեռակա բանավեճերի:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

 

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments