«Չխկալու, գրկախառնության», և այլ կանգառներ․ Ի՞նչ է սպասվում երիտասարդների միջազգային օրը Գյումրիում
Օգոստոսի 11-ին Գյումրիում կանգառների ձևաչափը երիտասարդական շնչով է հագենալու, խոստանում են ԵՆԿ ՀԿ-ից։ Թվային գործիքների, միջմշակութային, ինքնախնամքի, անծիսթրես, էրազմուս+ երիտասարդություն և եվրոպական համերաշխության կորպուս (եհկ) ծրագրերի, հեծօների, չըխկալու, գրկախառնության և թատերական, կարճ ասած «Երիտասարդների քաղաք» խորագրով թեմատիկ կանգառներ են սպասվում Գյումրիում։ Երիտասարդների միջազգային օրը հերթական անգամ մեծ շուքով կնշվի հանրապետության երկրորդ քաղաքում։ Նշենք, որ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է երիտասարդության միջազգային օր: Այն աշխարհում առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2000 թվականին, իսկ Գյումրիում` 2015 թվականին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից:
Հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում երիտասարդների, պետական ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների կողմից դրական արձագանքները՝ ԵՆԿ ՀԿ-ն Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները դարձրել է ամենամյա և Գյումրիից զատ այն տոնվում է նաև Հայաստանի այլ մարզերում ու քաղաքներում։ Օգոստոսի 11-ին Գյումրիում, օգոստոսի 12-ին Գավառում՝ որպես ՀՀ երիտասարդական մայրաքաղաք, և օգոստոսի 13-ին Վաղարշապատում սա այս տարվա երիտասարդական տոնակատարության քարտեզն է։ 2024 թվականի օգոստոսի 11-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գյումրու համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Յունիսեֆի հայաստանյան գրասենյակների, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ՝ հանդես է գալիս Գյումրիում մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ, որի մասին տեղեկացանք Գյումրու համայքնապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Բանախոսներից՝ ԵՆԿ ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը նշեց,- «հանրային իրազեկման արշավի ընթացքում կամավորները կշրջեն Գյումրի քաղաքի տարբեր թաղամասերում, բնակիչներին, երիտասարդներին տեղեկացնելու համար Երիտասարդության միջազգային օրվա մասին, կշնորհավորեն անցորդներին և կտեղեկացնեն սպասվելիք միջոցառումների մասին թռուցիկների, տեղեկատվական նյութերի տարածման միջոցով»:
Ասուլիսի բանախոսներից էին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը, Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Վերջիններս տոնական օրվա կազմակերպչական գործում մեծ ներդրում ունեն։ Գործընկեր միջազգային ու համայնքային կառույցների ներկայացուցիչների խոսքով՝ օրակարգը ինքնանպատակ չէ, դրանք որոշվել են՝ Գյումրիում երիտասարդության շրջանում անցկացված առցանց հարցման արդյունքների համաձայն։
16:00 – 18:00 –ից Գյումրու Աբովյան փողոցում «Երիտասարդների քաղաք» խորագրով թեմատիկ կանգառներից բացի տեղադրված են լինելու թեմատիկ կանգառներ (տաղավարներ), որոնցում միաժամանակ տեղի են ունենալու տարաբնույթ աշխատարան-գործողություններ։ Իսկ երիտասարդական շնչով հագեցած փողոցում, ժամը 19։30-ից 22։00 օրը կամփոփեն «YereOne Project» բենդը, «DJ MILL»-ի մասնակցությամբ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com