Սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքը, նրանց ավանդական ապրելակերպը, չի կարող խախտել նրանց իրավունքները. ՄԻՊ
Այն, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Թաթոյանը, մասնավորապես նշել է, մարդն ունի տան կամ հողատարածքի նկատմամբ իր իրավունքի գրանցումը հաստատող օրինական փաստաթուղթ (օրինակ՝ կադաստրային վկայական), սակայն զրկված է այդ գույքից, քանի որ այն ֆիզիկապես համարվում է «ադրբեջանական» տարածք (օրինակ՝ Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան գյուղեր), կամ մարդն ունի իր իրավունքը հողատարածքի նկատմամբ հաստատող փաստաթուղթ, սակայն չի կարողանում, օրինակ, օգտվել իր հողատարածքից, քանի որ դա գտնվում է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ ու ավելին նրանք այդ վայրերում պարբերաբար կրակում են (օրինակ՝ Սյունիքի մարզի Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Արավուս, Որոտան, Եղվարդ, Ագարակ գյուղերը, Գեղարունիքի մարզի Կուտ, Նորաբակ ու, առհասարակ, սահմանային դարձած գրեթե բոլոր գյուղերը): Պաշտպանի խոսքով՝ նույն խնդիրը վերաբերում է նաև համայնքապատկան հողատարածքներին ու դրանցից օգտվելու մարդկանց հնարավարություններին. «Այս խնդիրներին ի պատասխան՝ առանձին կողմեր նշում են, թե քանի որ այդ լուծումները հիմնված են տեղագրական քարտեզի վրա ու սրան էլ ավելանում է նաև GPS-ի ու Գուգլ քարտեզի կիրառությունը, ապա սրանք ամեն դեպքում այնպիսի լուծումներ են, որոնք պետք է հարկադրված ընդունել: Միջազգային կանոններն իրականում բոլորովին այլ մոտեցում են ամրագրում. կադաստրային փաստաթղթերը կամ կադաստրային քարտեզներն են, որ պետք է դրվեն քննարկումների նախապատրաստման ու բանակցությունների հիմքում: Դրանք պետք է լինեն կողմերի սկզբնական (ստարտային) դիրքորոշումների հիմքում», – հայտարարել է Թաթոյանը: Վկայակոչելով միջազգային կանոնները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշել է՝ սահմանային բնակիչների սեփականության իրավունքին, նրանց պատկանող հողերին ու տներին (անգամ հասցեներին) վերաբերող կադաստրային փաստաթղթերը պետք է նախապես ուսումնասիրվեն ու հաշվառվեն, ինչպես նաև պետք է հաշվարկվի, թե ինչ հնարավոր խնդիրներ կարող են առաջ գալ մարդկանց համար ու դրանից հետո նոր պետք է նախապատրաստվել միջազգային կամ միջպետական քննարկումների: «Գլխավոր տրամաբանությունը միևնույն է շարունակում է մնալ այն, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքը, նրանց ավանդական ապրելակերպը, չի կարող խախտել նրանց իրավունքները: Այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն մարդկանց իրավունքներին տների ու հողատարածքների, այլ նաև ջրային ռեսուրսների, կենսական հաղորդակցության միջոցների նկատմամբ և այլն», – հայտարարել է Թաթոյանն՝ ընդգծելով՝ ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ոչ թե մարդկանց համար առաջանան նոր խնդիրներ, այլ հակառակը՝ բոլոր անհարմարությունները հասցվեն ամենահնարավոր նվազագույնի: Այս կանոններն ամրագրված են ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ուղեցույցերում, Արդարադատության միջազգային դատարանի վճիռներում ու միջազգային այլ կառույցների փաստաթղթերում:
Աղբյուր՝ https://www.ombuds.am/am/site/ViewNews/1551
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com