Տարին ավարտվում է, իսկ Գյումրիի 2023 թվականի բյուջեում դեռ փոփոխություններ են կատարվում

Գյումրիի ավագանին արձակուրդից հետո այսօր գումարել է հերթական նստաշրջանի առաջին նիստը, օրակարգում ունենալով 39 հարց:

Տարին ավարտվում է, բայց համայնքապետարանը դեռ շարունակում է տեղական բյուջեում փոփոխություններ ու տեղաշարժեր կատարել: Ըստ քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանի, իրենք իրավունք ունեն վարչական բյուջեից մինչև 15 տոկոս տեղափոխել ֆոնդային բյուջե, քաղաքի կապիտալ ծախսերը կատարելու համար: Առաջարկվեց մոտ 347 մլն դրամ ուղղել պահուստային ֆոնդ: Եթե գումարը  չծախսվի, ապա ըստ գլխավոր ֆինանսիստի, կուղղեն որպես հաջորդ տարվա ազատ միջոց և պահուստային ֆոնդ կստեղծեն:

Տեղական բյուջեի որոշ հոդվածների մասով ծախսերը պակասեցվեցին, առանձնացված մոտ 12 մլն դրամը կուղղվի Համահայկական խաղերի ժամանակ մրցանակներ ստացած գյումրեցի մարզիկների պարգևատրմանը:

Գյումրի քաղաքի 2024-26 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցը հաջորդն էր: Ջիլավյանն ասաց, որ ինքը դեմ է այդ ծրագրերին, դրանք շատ սխալ են, բայց քանի իրենց պարտադրում են, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիր պետք է կազմեն ու ներկայացնեն, իրենք էլ պարտավոր են կազմել ու ներկայացնել:

«Մենք մի տարվա բյուջեն ենք անընդհատ փոխում, ուր մնաց, որ 2 տարի հետոյի բյուջե կազմենք, ներկայացնենք: Ամեն դեպքում, մենք կազմել, ներկայացրել ենք»,-ասում է Ջիլավյանը:

Կարծիք հնչեց, որ այդ ծրագրերը զուտ ձևական բնույթ են կրում, ինչին հակառակվեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

Գյումրիի բազմաբնակարան շենքերում ձմռան նախապատրաստական աշխատանքների, տանիքների ու շքամուտքերի նորոգման համար 19 համատիրություններին քաղաքային բյուջեից հատկացվեց 32 մլն դրամ: «Գյումրի ավտոբուս» ընկերությանն էլ ավելի քան 7 մլն դրամ պարտքով հատկացվեց՝ քաղաքային երթուղիներում աշխատող միկրոավտոբուսների պարտադիր ապահովագրության համար: Պարտքը վերադարձնելու են տարեվերջին:

Ավագանին հավանություն տվեց նաև Գյումրիի գլխավոր հատակագծի որոշ դրույթներ փոփոխության ենթարկելու վերաբերյալ նախագծին:

Կարինե Կազարովա

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments