Քաղաքի օրը՝ հյուրընկալ ու ջերմ տրամադրությամբ. տոնական Գյումրին
Սեպտեմբերի 2-ին Գյումրիում նշվել է քաղաքի օրը: Տոնը մեկնարկել է Ռուսթավելի փողոցից «Արհեստի ու արվեստի տոնավաճառով»: Վարպետաց քաղաքում ցուցադրվել են ոչ միայն ավանդական, այլ նաև նորագույն արհեստները: Տոնավաճառի տաղավարները յուրօրինակ էին զարդարված: Արհեստավորները տաղավարների կողքին նաև աշխատում էին: Ու այս ամենը Գյումրվա պարային համույթների ելույթներով համեմված: Քաղաքի պատվավոր հյուրը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էր, ով Գյումրիի քաղաքապետի հետ շրջեց տաղավարներով, ծանոթացավ գյումրեցի վարպետների գործերին:
Մայրաքաղաքի և հայրաքաղաքի քաղաքապետերը հյուրընկալվեցին մեծ վարպետ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: Նրանց թանգարանի բակում դիմավորեց Վարպետը, ուստա Կարոն աշուղ Շերամի ստեղծագործություններից կատարեց, իսկ պարուհի Հերմինեն իր նազանքով պարը ցուցադրեց: Հյուրերն այնուհետ մուտք գործեցին թանգարան, որտեղ նրանց սառը թան հյուրասիրեց Վարպետի մայրը՝ Ալմաստը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տպավորված էր, նշեց, որ բավականին հետաքրքիր է միջոցառումը, օրվա արևի նման ջերմ: Նա շնորհավորեց գյոմրեցիներին, վստահեցրեց, որ այստեղ նոր մշակույթներ են ծնվելու: Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ նշեց, որ քաղաքի այս օրվա միջոցառումն առանձնանում է իր ձևաչափով, նորարարություններով, նաև Երևանի հետ համատեղ միջոցառումներով: Գյումրին նաև արտերկրից եկած հյուրերի պակաս չուներ այսօր: Գյումրիում բազմաթիվ կամավորներ են հյուրընկալվել մի շարք երկրներից: Օրվա տոնական տրամադրությունը նաև նրանց փոխանցվեց:
Հաջորդ կանգառը Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում էր, որտեղ կազմակերպվել էր Լևոն Լաճիկյանի գծանկարների ցուցահանդեսը:
Քաղաքի օրվա միջոցառումների գագաթնակետը թերևս Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիա» համույթի համատեղ համերգն էր, որը շարունակվեց մինչև ուշ գիշեր:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com