ԱԱԾ-ն պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքն է բացահայտել

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք՝ զինապարտ քաղաքացուն ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար: Ըստ հաղորդագրության՝ քաղաքացի Ռ.Կ-ն երկու անգամ ստանալով պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում, վերջին` երրորդ անգամ, 2021 թվականի ձմռանը բժշկական զննությունն առանց խնդիրների անցնելու, այն է` ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված հիվանդությունների ցանկում սահմանված մտացածին հիվանդություն ձևակերպելու արդյունքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու և պահեստազորում հաշվառվելու նպատակով, դիմել է իր ազգականի ծանոթին՝ Պաշտպանության նախարարության աշխատակից հանդիսացող Խ.Դ-ին, ով խոստացել է իր լիազորությունների շրջանակներում լուծում տալ նշված հարցին, իսկ կատարված ապօրինի գործողությունների համար որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 միլիոն 574 հազար 940 դրամին համարժեք 3 հազար ԱՄՆ դոլար գումար: ԱԱԾ-ն նշում է, որ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո Խ.Դ-ն իրականացրել է իր լիազորություններից բխող ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչի արդյունքում ռազմական դրության պայմաններում Ռ.Կ-ն ազատվել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, որից հետո այլ անձի օժանդակությամբ ձեռնամուխ է եղել 3 հազար ԱՄՆ դոլարը Հայաստանի բանկերից ձեռք բերելու և պաշտոնատար անձին տալու խոստման իրականացմանը: Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2021 թվականի ապրիլի 20-ին, ժամը՝ 23:30-ին, Ռ.Կ-ի կողմից, այլ անձի միջոցով կաշառքի առարկա 3 հազար ԱՄՆ դոլար գումարը պաշտոնատար անձին տալուց հետո հայտնաբերվել և բերման են ենթարկվել ԱԱԾ տարածքային ստորաբաժանում: Քրեական գործով կատարված քննչական ու դատավարական մեծածավալ գործողությունների, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կաշառքի առարկա 3 հազար ԱՄՆ դոլարը, պարզվել են կատարված հանցագործությանը առնչություն ունեցած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն ու ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննությունների ժամանակ տվել են խոստովանական ցուցմունքներ: Ըստ ԱԱԾ-ի՝ ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Աղբյուր՝ https://cutt.ly/Yv4NQGu

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments