Ադրբեջանի ԶՈՒ-ն Գեղարքունիքի և Երասխի հատվածներում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Նշենք, որ սրան նախորդել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, ըստ որի՝ այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Հայաստանի տարածքից ինտենսիվ կրակ է բացվել: «Հուլիսի 26-ին՝ ժամը 3-ից, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարկեչարի շրջանի տարբեր ուղղություններում տեղակայված մարտական դիրքերից հրազենով եւ ականանետներով ինտենսիվ գնդակոծության են ենթարկում ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանի տարածքում»,- ասված էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունում եւ հավելվում. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք պատասխան գործողություններ»:
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/9690
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com