Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին հասնելու փորձերով տորպեդահարում է խաղաղություն հաստատելու մեր ջանքերը. Արարատ Միրզոյան
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջը: Նշվում է, որ Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին ուժի միջոցով հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը:
Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/09/13/Khovaev/11600
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com