Ազգային ժողովն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը: Ազգային ժողովն ընդունել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու հայտարարության նախագիծը:Հեղինակներն են Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը և Վարդան Աթաբեկյանը:Նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրել, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի՝ այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը: Նախագիծն ընդունվել է 120 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ այս նախագիծը ԱԺ-ում քննարկվել է փակ ռեժիմով: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակը Կառավարությունն է: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանը ասել էր, որ նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: «Այսինքն՝ ինչ է տեղի ունենում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը, տվյալ դեպքում՝ Գլխավոր դատախազությունը, սնանկության վարույթում ինչ իրավունքներ և պարտականություններ ունի, ինչպես է ներգրավվում վարույթին»: Նախագիծն ընդունվել է 97 կողմ, 20 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրել: Նախագծի հեղինակը Կառավարությունն է: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանն ասել էր, որ ՊԵԿ օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցներին մի շարք օրենքներով թույլատրվում է իրականացնել օպերատիվ միջոցառումներ: «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասով հատուկ նշված են այն մարմինները, որոնք իրավունք ունեն օգտագործելու՝ կրելու մարտական զենք: Նշված ցուցակում ներառված չեն Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատակիցները»: Նախագիծն ընդունվել է 91 կողմ, 6 դեմ, 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր:Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է: Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նախատեսվում էր Ազգային փոքրամասնությունների օր հռչակել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Բաքոյանը, սակայն, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ասել էր, որ 7 տարին մեկ սեպտեմբերի 27-ը կարող է համընկնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա հետ, դրանով էր պայմանավորված առաջարկվող փոփոխությունը: «Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, երբեք չեն կարողանա նշել որպես տոն՝ մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»:Նախագիծն ընդունվել է 115 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments