ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը Գյումրիում
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մեկնարկը սահմանված կարգի համաձայն բոլոր ընտրատեղամասերում տրվեց ուղիղ ժամը 8-ին, մինչ այդ տեղամասային ընտրական հանձնաժողովները տեղում գումարեցին քվեարկությունից առաջ անցկացվող վերջին նիստը: Ոստիկաններից ստացան չհրկիզվող պահարանները փակ վիճակում: Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում տեղակայված 31/15 տեղամասում վստահված անձանց մուտքը տեղամասային կենտրոն թույլատրվեց միայն ժամը 7:50 րոպեին: Առաջին ընտրողը տեղամաս մուտք գործեց ուղիղ ժամը 8-ին: Այստեղ ընտրելու իրավունք ունի 1699 քաղաքացի
Մինչ այդ պահը ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այս տեղամասում հանձնաժողովի նախագահը, ինչպես բոլոր անդամները, սահմանված կարգի համաձայն կրեր նախագահի իր վկայականը: Օրենքի խախտման մեկ այլ դեպք գրանցվեց թիվ 31/13 ընտրատեղամասում, այստեղ ընտրողներից մեկն իր քվերակությունը կատարելուց հետո , բացահայտ կերպով բոլորի ներկայությամբ պատռեց բոլոր քվեաթերթիկները, ինչն արձանագրվեց:
Ընտրողների մասնակցությունն այս տեղամասում բավականին ակտիվ էր, ժամը 9:30-ին իր քաղաքացիական պարտքն արդեն կատարել էր մոտ 60 ընտրող:Ընտրողների ակտիվություն կար նաև 31/14 ընտրատեղամասում, այստեղ գրանցված 1947 ընտրողից, 1 ժամ անց արդեն իր սահմանադրական իրավունքից օգտվել էր 56 քաղաքացի:
Ընտրական բոլոր տեղամասերում քվերակության ընթացքին հետևում են ինչպես վստահված անձիք, այնպես էլ դիտորդներ: Տեղամասային կենտրոններում պահպանվում են համաճարակային կանոնները:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com