ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները

Երկրում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար «Լուսավոր Հայաստանի» առաջարկն ուժի մեջ է, իսկ եթե այն դառնա ոչ արդիական, քաղաքական ուժը կփնտրի նոր լուծումներ: Այս մասին ԱԺ ճեպազրույցում վստահերել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումն այն առաջարկությունն է, որ մենք արել ենք: Մենք շարունակելու ենք դրա ուղղությամբ աշխատանքներ տանել: Եվ ուզում եմ քաղաքական ուժերին կոչ անել միանալ այդ առաջարկությանը, աջակցել այդ առաջարկությանը, որպեսզի այդ ճգնաժամն օր առաջ հանգուցալուծվի, և մենք բոլորս գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,- ասել է Մարուքյանը: Եթե ԲՀԿ-ն մերժի արտահերթ ընտրությունների գնալու առաջարկը, ԼՀԿ-ի համար հարցը օրակարգից դուրս կգա՞ հարցին ի պատասխան Մարուքյանն ասել է, որ իրենց համար հարցը երբեք օրակարգից դուրս չի գալու: Նա վստահեցրել է, որ եթե մերժվի, ԼՀԿ-ն ուրիշ տարբերակ կմտածի, անընդհատ տարբերակներ կմտածի, շեշտեց՝ պետք է գտնել ճանապարհներ այս վիճակից դուրս գալու համար: «Իմ առաջարկն ուժի մեջ է: Դրա արդիականությունը չի վերացել: Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է և դեռ շարունակում է լինել: Չկա որևէ հրամանագիր, որ նա այլևս ԳՇ պետ չէ: Երբ առաջարկս կդառնա ոչ արդիական, ուրիշ բան պետք է մտածենք»,- եզրափակել է նա: Մարուքյանի առաջարկի համաձայն՝ ԼՀԿ-ն վարչապետի հետ արտահերթ ընտրությունների հուշագիր կստորագրի, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից չազատի, պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների և դրանք անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «… Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը կքննարկի առաջարկը և դիրքորոշումը կներկայացնի»,- ասել է Իվետա Տոնոյանը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Սուրեն Գրիգորյանը և Արուսյակ Ջուլհակյանը դատապարտել են քաղաքական գործիչների տների դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը: Այս մասին պատգամավորներն ասել են խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում`անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակ դնելու դեպքին: «Թե՛ նախկինում և թե՛ հիմա ես չեմ ողջունում նման գործելաոճը»,- ասել է Հայկ Կոնջորյանը` նկատի ունենալով նաև 2018 թ. թավշյա հեղափոխության ընթացքում արձանագրված նման դեպքերը: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, որ քաղաքական գործիչների նկատմամբ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը, բայց իրենց քաղաքական գործունեության շրջանակներում: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հավելել է, որ նման երևույթներ առաջին անգամ ի հայտ են եկել ոչ թե 2018 թ., այլ 2008 թվականին՝ ներկայիս ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments