Ամուլսարի հանքը շահագործող ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսը կանցնի կառավարությանը
Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ ՀՀ կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ «Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։ Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաև կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը։ Նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը»,- ասել է Իսպիրյանը։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հանքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը ստացել է և հնարավոր է համարել այն շահագործել։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com