Ատեստավորված զինծառայողները ստանում են 123 հազարից մինչև 470 հազար դրամ հավելավճար. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 5 ծրագրով 2025-ի համար նախատեսվում է հատկացնել 664 միլիարդ 653 միլիոն 454 հազար դրամ: Այս մասին խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ արհեստավարժ հիմունքներով ԶՈՒ երկարաժամկետ զարգացման ապահովման նպատակով իրականացվող բարեփոխումների գործընթացի առանցքային ուղղություններն առնչվում են պաշտպանության պլանավորման ընթացակարգերի, զինված ուժերի կառավարման համակարգի, կազմ-կառուցվածքի, անձնակազմի կառավարման կատարելագործմանը, սպառազինության, ռազմական տեխնիկայի միջոցներով համալրվածությանը, սոցիալական ապահովմանը և այլն:
Պապիկյանը, ներկայացնելով կատարած աշխատանքները, հայտնեց՝ ՀՀ ԶՈՒ-ում արմատական, համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել և Անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել բանակի կերպափոխման հայեցակարգը, որն արդեն հրապարակվել է ՊՆ պաշտոնական կայքէջում:
Նախարարը տեղեկացրեց՝ հայեցակարգը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ անցում արհեստավարժ բանակին, ԶՈՒ կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավում, զորահավաքային պատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործում, ռազմական կրթության և գիտության զարգացում, ԶՈՒ բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացում, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության և զինվորական գրավչության բարձրացում, առողջ և հավասարակշիռ ռազմաքաղաքացիական հարաբերությունների ձևավորում, մարդու իրավունքների պաշտպանության կատարելագործում, զինված ուժերի կարգապահության մակարդակի բարելավում:
Պապիկյանն ընդգծեց՝ մեզ համար առանցքային է մնում կիրթ և բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը, և վերջին երկու տարում իրականացվել են մի շարք ծրագրեր, որի արդյունքում առաջիկա տարիներին մեր ԶՈՒ շարքերը կսկսեն համալրել ավելի մեծ թվով սպաներ և կրթական ավելի բարձր մակարդակով կադրեր:
«Դրա համար ներդրվել է 2022-2023 ուսումնական տարվանից ընդունված և ավարտելուց հետո սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների համար Երևան քաղաքում վերանորոգված 3 սենյականոց ծառայողական բնակարան հատկացնելու մասին ԱԺ-ի ընդունած օրենքը»,- ասաց նախարարը:
Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանվել է վարձատրության նոր համակարգ՝ կախված կուրսանտի առաջադիմությունից և կուրսից, որի արդյունքում վարձատրությունն աճել է 3-10 անգամ՝ 15 հազարից մինչև 175 հազար դրամ:
«Արդյունքում՝ 4-րդ կուրսի ուսանողը կարող է ստանալ 175 հազար դրամ ամսական բավարարում: Խոսքն ուսանողի մասին է»,- տեղեկացրեց պաշտպանության նախարարը:
Պապիկյանը հիշեցրեց՝ ներդրվել է նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
«Այսօր հասել ենք նրան, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեծաքանակ երիտասարդներ դառնում են մեր պրոֆեսիոնալ բանակի մասնիկը: Մենք հասել ենք նրան, որ շահագրգռվածության մակարդակն այնքան է բարձրացել, որ մարդիկ փորձում են միջնորդություններով իրենց տարբեր խնդիրներ ունեցող զինվոր զավակներին այս կարևոր ծրագրից օգտվելու հնարավորության հասնել»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է, որ պրոֆեսիոնալ բանակի զինծառայողները ստանան նորմալ բավարարում:
Պատասխանելով ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին, թե զինվորականների աշխատավարձերը չեն բարձրանում, դրանք որակեց «բացարձակ սուտ»:
«Աշխատավարձը բարձրացվել է, ավելին, ատեստավորված զինծառայողները ստանում են 123 հազար դրամ հավելավճարից մինչև 470 հազար հավելավճար: Այն ատեստավորման համակարգը, որի մասին խոսում եմ, որը մինչ այսօր քննադատվում է ձեր կողմից, մեկը կամք չի ունենում քաղաքական՝ ասելու, թե լավ բան է արվում»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com