Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։

Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է  գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով  Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։

Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով  արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։

Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի  հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար,  հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան։

Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։
Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան։

Արցախի Հանրապետության ԱԳՆ 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments