«Բալասանյան դաշինք»-ը հայտարարություն է տարածել

Դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։ «Բալասանյան դաշինք»-ն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «2021թ.-ին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի հիմքում եղել է Գյումրին ավելի լավը, ավելի զարգացած, ավելի բարեկարգ ու ապագային միտված քաղաք տեսնելը: Անցնող երկու տարիների ընթացքում այդ ուղղությամբ փորձել ենք, մեր գործընկերների հնարավորությունները օգտագործելով, բազմաթիվ ծրագրեր իրականացնել քաղաքում:

Ունենք համագործակցության հաջողված լուրջ փորձ ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում. 2022-2023 թթ.-ներին հիմնանորոգվել/հիմնանորոգվում է 50 փողոց, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 12 ՀՈԱԿ-ներում, ձեռք են բերվել 5 տեխնիկա և 5 սարքավորումներ, բազմաբնակարան երեք շենքերի Էներգաարդյունավետության ծրագիր է իրականցվել, թվով 10 սոցիալական բնակարան է վերանորոգվել, 16 կոմպլեկլտ լուսացույց է ձեռք բերվել՝ լուսացույցերի թարմացման և նորերի տեղադրման համար, ձեռք են բերվել նստարաններ, աղբամաններ և այլն: «Բալասանյան Դաշինքը» մինչ այդ ևս ունեցել է համագործակցության հաջողված փորձեր ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում: Հեռու ենք այն մտքից, որ համագործակցությունը հնարավոր է առանց տարաձայնությունների ու խնդիրների, դրանք համարում ենք բնական: Խնդիրներ ու տարաձայնություններ կարող են լինել ինչպես թիմի ներսում, այնպես էլ՝ երկու տարբեր թիմերի միջև:

Համաձայն չենք այն տեսակետի հետ, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ դրանք խախտվել են: Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողությունններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաև հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով և համարել բնական:

Այն, ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը՝ ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը: Հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների ընդունած որոշմանը, նաև հուսով ենք, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության դերակատարումը և գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան՝ համատեղ կառավարման ժամանակ: Պատրաստ ենք և՛ հրապարակային, և՛ աշխատասենյակային ձևաչափերով քննարկել Գյումրի քաղաքի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր և գաղափար՝ ավելի լավ Գյումրի ունենալու համար»,- նշված է գրառման մեջ: Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էր հայտարարություն տարածել՝ նշելով, որ «Համագործակցության մասին» հուշագրի խզման պատճառն այն է, որ «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»: Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։ Խմբակցությունը ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հանդես է եկել ասուլիսով։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments