Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պետական աջակցություն կստանան. նախագիծ
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պետական աջակցություն կստանան մի շարք ուղղություններով: Առաջարկին առնչվող «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Պետական աջակցություն կտրամադրվի 3 հիմնական ուղղություններով, առաջինը՝ աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք և համարվում են տվյալ տնտեսվարող սուբյեկտի վարձու աշխատողները:
«Պետական աջակցությունը տնտեսվարող սուբյեկտին կտրամադրվի աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով»,- ասաց նախարարը:
Պետական աջակցության երկրորդ ուղղությունը նոր աշխատողների ներգրավման համար է, այն է՝ աջակցություն կտրամադրվի նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, եթե տնտեսվարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը:
Նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն կտրամադրվի, եթե բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է:
Պետական աջակցություն կտրամադրվի նաև տեխնոլոգիական ընկերություններում մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կրթական ծախսերի փոխհատուցման համար:
«Տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով [կտրամադրվի] հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով [գումար] մինչև 30 աշխատակից ունեցող ընկերություններում, 31 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների պարագայում՝ 25 տոկոսի չափով»,- ասաց նախարարը և հավելեց, որ աջակցության ծրագիրը երկարաժամկետ է և նպատակ ունի ավելի բարենպաստ դարձնել Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց՝ այս նախագիծը հատկապես կրթության, գիտահետազոտության և պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը խրախուսելու համար է բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նաև նշեց, որ մի քանի առաջարկ է արվել՝ նախագծերի փաթեթում փոփոխություններ անելու: Դրանցից մեկը վերաբերում է փոքր և մեծ ընկերությունների աջակցության շեմը վերացնելուն՝ կարևորելով հատկապես ստարտափներին ուղղված աջակցությունը, որոնք ընդգրկված են փոքր ընկերությունների ցանկում:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com