Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հոկտեմբերի 27-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, Վ.Ա-ն և Գ.Ա-ն վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի ք.Երևան»,- ասված է հաղորդագրության մեջ: Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Վ.Ա-ն և Գ.Ա-ն ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» և «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

https://www.sns.am/hy/news/view/899

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments