Բլինքենի տեղակալը Միրզոյանի և Բայրամովի հետ զրույցներում կոչ է արել անմիջապես բացել Լաչինի միջանցքն ու մյուս ճանապարհները
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի հետ։ Երկու երկրների արտգործնախարարների հետ ԱՄՆ պաշտոնյան քննարկել է տարածաշրջանային հարցեր։ Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանը Քիմին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։ Շեշտելով Ադրբեջանի կողմից այս ընթացքում իրականացվող ապակառուցողական վարքագիծը, իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների և միջազգային հանրության հստակ կոչերի անարգանքը, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականությունը՝ Միրզոյանն ընդգծել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հեռախոսազրույցների մասին գրառումներ է կատարել X (նախկին Twitter) սոցիալական ցանցում: «Այսօր խոսեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ մեր լուրջ մտահոգությունների մասին: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին այժմ աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները», – գրել է Քիմը: «Կառուցողական զրույց այսօր Ադրբեջանի [արտգործնախարար] Ջեյհուն Բայրամովի հետ՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումներ հասցնելու համար Լաչինի և մյուս ճանապարհներն անմիջապես ու միաժամանակ բացելու ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ: Ճանապարհների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են մնացյալ խնդիրները լուծելու համար: Ողջունում ենք երեք ուսանողների ազատ արձակումը», – ասված է Քիմի մյուս գրառման մեջ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com