Գիշերը Արցախի շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմն ունի վիրավորներ. ՊԲ

Գիշերը Արցախի շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմն ունի վիրավորներ. ՊԲ Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020-ի. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Ըստ ՊԲ-ի, ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր։ Ավելին, ինչպես հաղորդագրությունում է նշվում, ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: «Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր», – ասված է հաղորդագրությունում։ Ավելի ուշ՝ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ճշտված տեղեկություններով՝ այսօր գիշերը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Պաշտպանության բանակը նշում է, որ ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ «Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ», – ասված է ՊԲ-ի հաղորդագրությունում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, ժամեր անց տարածած հաղորդագրությամբ հերքեց թե՛ ընդհարման և թե՛ ադրբեջանական կողմի զոհերի մասին հայկական կողմի հաղորդումը՝ այն որակելով «տեղեկատվական սադրանք», և վստահեցրեց, թե «առանց ուժի կիրառման շարունակում են դիրքերի և տեղակայման վայրերի» ճշգրտումը, ինչպես նախօրեին էին պնդել։

Աղբյուր՝  https://www.facebook.com/artsakhdefencearmy/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments