Գյումրիում բնակարանամուտ է տոնել 36 ընտանիք

Գյումրու «Մուշ-2» թաղամասում այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը, մարզային ու քաղաքային իշխանության ղեկավարները։ Տարիներ շարունակ տնակներում բնակվող 36 ընտանիքներ այսօր տոնել են իրենց բնակարանամուտը։ Նրանցից 2-ը 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներ են։ «Մենք պարտավորություն ունենք երկրաշարժի գոտի հասկացությունը մեր մտածողությունից ընդհանրապես վերացնելու, կարծում եմ՝ դա հաջողվում է։ Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել, ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքը մի օր առաջ, մի ժամ առաջ, մի վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում՝ մենք մնացած աշխատանքները չպիտի անենք։ Մնացածներն էլ պետք է անենք․ կյանքն այդպես է՝ եթե չես անում, Լաչինի հարցն էլ չես կարող լուծել։ Եվ խնդրում եմ բոլորին՝ մեր առօրյա կյանքում այն խնդիրները, որոնք ունենք, անենք։ Տնտեսական հաջողությունների մասին եմ ես խոսում, պատահական չեմ խոսում։ Եթե չունենանք տնտեսական հաջողություններ, մենք ոչ մի խնդիր էլ չենք լուծի, այս շենքն էլ չէր լինի»,- իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ըստ Խաչատուրյանի՝ պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում և հակառակորդ կամ հարևան երկիրը, որը չի ցանկանում մեզ հետ խաղաղ ապրել, ստիպված է լինելու դա անել։ «Իրենք չեն ուզում թույլ տալ, որ տնտեսական հաջողությունները շարունակական լինեն, բայց մենք պիտի կարողանանք ապահովել»,- ասել է նախագահը։ Նախագահը ելույթում շեշտել է այն միտքը, որ թեև Լաչինի միջանցքը փակ է, սակայն իրենք որոշել են չհետաձգել բնակարանամուտը, որովհետև այն ևս կարևոր է։ «Այնպես եղավ, որ այսօրվա գեղեցիկ միջոցառումը համընկավ մեր հերթական խնդիրների հետ, բայց մենք որոշեցինք չհետաձգել։ Շատերին կթվա՝ մենք խնդիրներ ունենք, ինչո՞ւ այդ խնդիրներով չենք զբաղվում, բայց գիտե՞ք ինչ կա, եթե սկսենք միայն խնդիրներին անդրադառնալ առաջնահերթություն դնելով, որն է առաջնային, այդպես էլ չենք կարողանա անել։ 1988 թվականի երկրաշարժից հետո մեզ համար առաջնայինը եղել է երկրաշարժի հետևանքները վերացնելը, և ,տեսնում եք, տասնամյակներ են անցել, բայց, ցավոք սրտի, մինչև վերջ չենք կարող վերացնել։ Բայց համոզված եմ, դրա վերջը եկել է, դուք այդ միջավայրում եք ապրում և տեսնում եք, որ պետությունն ամեն ինչ անում է, որ մենք երկրաշարժի հետևանքները չզգանք։ Եվ այն մարդիկ, որոնք տուժել են երկրաշարժից վերջապես կարողանան ստանալ արժանին, այն կորուստները վերականգնեն, որոնք կորցրել են։ Եվ այսօրվա բնակարանամուտը հենց դրան է նվիրված։ Այն մի քիչ յուրահատուկ է, յուրահատուկ է նրանով, որ մարդիկ հենց մտնեն իրենց բնականարան, ամեն ինչ կունենան։ Երբ քննարկում է եղել «Հայաստան» հիմնադրամում, այդպես էլ որոշում է կայացվել։ Գիտեք ինչ, եթե մարդիկ բնակարան ստանան՝ դատարկ պատերով, հետո ինչ են անելու, հետո պետք է դիմեն տեղական իշխանություններին, բարեգործներին, որ այնպիսի վիճակում ենք գտնվում, որ նորից պետք է մեզ օգնություն։ Կարծում եմ՝ ճիշտ նախաձեռնություն է, մարդիկ մտնեն տուն և ապրեն այդ տանը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments