Գյումրիում էր Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Դեսպանի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանում էր:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյան ողջունեց հյուրին՝ նշելով, որ տեղյակ է դեսպանության կողմից մարզում իրականացվող ծրագրերի մասին ու կարևորում է դրանք․ «Ողջունում եմ Շիրակի մարզի լավ բարեկամին, պարոն Յամադա, ուրախ ենք ձեզ Շիրակում հյուրընկալելու։ Մեզ համար կարևոր է  համագործակցությունն ու երկու բարեկամ երկրների միջև հաստատված կապերի ամրապնդումը։ Ինձ համար ուրախալի է, որ ձեր կողմից Շիրակի մարզում մի շարք ծրագրեր են իրականացվում, մասնավորապես, սոցիալական, էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մասին է խոսքս։ Մենք միանշանակ պատրաստակամություն ենք հայտնում համագործակցելու և ամեն ինչ կանենք հնարավորությունների սահմաններում  աջակցելու, նոր ձեռնարկներ կյանքի կոչելու համար»։ Կողմերնն այնուհետ մտքեր փոխանակեցին նոր ծրագրերի իրականացման, զբոսաշրջության, սոցիալական ու մշակութային կապերի ամրապնդմանը միտված ձեռնարկների իրականացման առնչությամբ։

Դեսպանին այոնւհետ ընդունեց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խոսվեց  վերջին տարիներին Գյումրիում իրականացված և այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, զբոսաշրջության ոլորտում ունեցած ակտիվության, այս ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության և մի շարք այլ հարցերի մասին:

Ջուն Յամադան եղավ նաև  Գյումրու պատմության թանգարանում:

Դեսպանին նաև սպասում էին Հայկական Կարիտասի Գյումրու մասնաճյուղի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում: Այստեղ  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան մասնակցեց «Գյումրիի եւ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգման աշխատանքներ» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը:

Եւս մեկ կարևոր ծրագիր էլ դեսպանի մասնակցությամբ փակվեց  Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Կարինե Գյադուկյանը նշեց, որ «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագիրը, որն իրականացվել է 2019-2020թթ՝ Ճապոնիայի կառավարության և դեսպանության միջոցով, խիստ կարևոր ներդրում է Ճապոնիայի կառավարության և դեսպանության կողմից:  Ծրագրի նպատակն է եղել նպաստել Շիրակի մարզի և Գյումրու առավել խոցելի ընտանիքների գործազուրկ կանանց և տղամարդկանց հնարավորությունների և ներուժի զարգացմանը՝ մասնագիտական և արհեստագործական դասընթացների անցկացման և զբաղվածության ապահովման միջոցով:

26.923 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերանորոգվել է, ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով կահավորվել են կենտրոնի դիմահարդարման, վարսահարդարման, մատնահարդարման, թխվածքների պատրաստման և ձևավորման, խոհարարության դասընթացների համար նախատեսված տարածքները:

Ջուն Յամադան նշեց, որ  Ճապոնիան բարձր է գնահատում ենթակառուցվածքների բարելավումը տնտեսական աճի և զարգացման համար: Այս օժանդակությունն իրենց շարունակական քայլերից մեկն է առաջնային մակարդակում աշխարհը զարգացման ավելի կայուն ուղու վրա դնելու համար: Ըստ դեսպանի, ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի գրավականը հենց մասնագիտական կրթությունն է: Այցի ավարտին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու դեսպանը հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող տորթ կտրեցին:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments