Գյումրու բնակֆոնդը պատշաճ վիճակի բերելու ելքեր և ֆինանսներ չկան
Գյումրու բնակֆոնդը պատշաճ վիճակի բերելու ելքեր և ֆինանսներ չկան
35-ամյա Ժենյայի ընտանիքը տնակային ավանից Գյումրու Մուշ-2 թաղամաս է տեղափոխվել 8 տարի առաջ։ Ասում է՝ մկներից եւ առնետներից չի ազատվել անգամ բազմաբնակարանային շենքի պայմաններում։ «Առնետների դեմ էլ ենք այստեղ պայքարում, դեղ ենք դրել, ամբողջ շենքում այս խնդիրները կա։ Գիշերային ժամերին հատկապես մուտքերի դռներից են մտնում շենքի անկյուններ, բնակարաններ»,-ասում է Ժենյան։
2010 թվականին շահագործված շենքի նկուղային հատվածում հաճախ են կոյուղատար խողովակները վնասվում, հետևանքում ջուրը տարածվում է շենքում։ Շենքերում ստեղծված այս վթարային խնդիրներն արդեն 8 տարի է՝ փորձում է լուծել ոչ թե «Վեոլիա ջուր» ընկերությունը, այլ՝ համատիրությունը։
Համատիրության բյուջեն, սակայն, չի բավարարում նման բարդ խնդիրներ լուծելու համար։ Ստիպված մասամբ և ժամանակավոր լուծում են տալիս, որից էլ դժգոհ են մնում բնակիչները եւ շարունակում չվճարել բնակվարձի դիմաց, որը Գյումրիում մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 10 դրամ։
Համատիրությունների նկատմամբ անվստահություն ունեն նաև բարձրահարկ շենքերի այն բնակիչները, որտեղ կտուրները, նաև շենքն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունեն։
Գյումրու Արագած թաղաղամասի 1-ին շենքի 6-րդ հարկում բնակվող Կարապետ Մալխասյանը պատմում է՝ երկու տարին մեկ անգամ շենքերի վճարունակ բնակիչներով գումար են հավաքում, մասնագետ գտնում, վճարում, որպեսզի տանիքի վնասված թիթեղները փոխի․ այդպիսով անձևաջրերից պաշտպանում են բնակարանների առաստաղն ու պատերը։
«5 տարի առաջ գումարները հավաքեցին ամուսիններով, հետո փախան, ոչ մի գործ չարեցին։ Հիմա ուրիշ մարդ է մեր համատիրության նախագահը, բայց որոշել ենք՝ չենք վճարելու, որովհետեւ շենքը 88-ի երկրաշարժից հետո չի ամրացվում, համատիրությունն էլ մեր հաշվին աշխատող է պահում։ Մեր ուժերով ենք հավաքում գումարը և մեր ուզած ձևով վերանորոգում կտուրը, մինչև կառավարությունը գա, ամրացնի էս շենքը»,-ասում է նա։
Գյումրիում համատիրությունները սպասարկում են ավելի քան 730 բազմաբնակարան շենք։ Ներկայում Գյումրին ունի 25 համատիրություն՝ 19 նախագահով (որոշ համատիրությունների նախագահներ միևնույն անձինք են)։
2014 թվականից Գյումրու ավագանին ամեն տարի 11-19 համատիրությունների ընդհանուր հատկացրել է 17-32 միլիոն ՀՀ դրամ՝ որպես սուբսիդիա ( դրամական ձևով նպաստ, օգնություն): Գումարները տրամադրվում են հիմնականում մարտ-սեպտեմբեր ամիսներին` ավագանու որոշումների համաձայն:
Գյումրու համատիրություններն ամեն տարվա առաջին կամ երկրորդ եռամսյակում Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացնում են ընթացիկ տարում շենքերում կատարվող վերանորոգման աշխատանքները եւ անհրաժեշտ գումարի չափը։ Նրանք դիմում-խնդրանքներին կցում են վերանորոգման ենթակա շենքերի ցուցակները։
Համայնքապետարանն ընտրում է մի քանի համատիրություն եւ ավագանու քննարկմանը ներկայացնում համատիրություններին հատկացվող անհրաժեշտ գումարի որոշակի մասը։ Գումարի չափի ընտրությունը ևս անհասկանալի է:
Գյումրու ավագանին գրեթե մշտապես (բացառությամբ մեկ դեպքի, երբ 2019 թվականին ավագանին 9 դեմ եւ 17 կողմ է արտահայտվել անվտանգության տեսախցիկների տեղադրման վերաբերյալ նախագծին) համատիրություններին սուբսիդիա հատկացնելու մասին որոշման նախագծերին միաձայն կողմ է քվեարկել:
2019-2023 թվականներին համայնքի բյուջեից համատիրություններն ավագանու 7 որոշման արդյունքում ստացել են սուբսիդիա՝ ընդհանուր 117 մլն 524 հազար 500 ՀՀ դրամ (միայն 2022 թվականին այս նպատակով գումար չի հատկացվել համատիրություններին)։
Համատիրություններն այդ դրամական աջակցությունը ստացել են շենքերում տեսախցիկներ տեղադրելու, մասնակի վերանորոգման, նաև դռների ու պատուհանների նորոգման, տանիքների և նկուղների վերանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակներով:
2019 թվականին Գյումրի համայնքի ավագանու թվով երկու որոշմամբ համատիրություններին հատկացվել է 26 միլիոն ՀՀ դրամ, 2020 թվականին Գյումրու ավագանու թվով երեք որոշմամբ համատիրություններին ընդհանուր հատկացվել է 34 մլն 324 հազար 500 ՀՀ դրամ, 2021 թվականին Գյումրի համայնքի ավագանու մեկ որոշմամբ համատիրություններին հատկացվել է ընդհանուր 25 մլն 200 հազար ՀՀ դրամ սուբսիդիա։
2022 թվականին Գյումրի համայնքի ավագանին դրամական աջակցություն չի հատկացրել որևէ համատիրության և այս մասին առկա չէ ավագանու որոշում, իսկ 2023 թվականին Գյումրի համայնքի ավագանու մեկ որոշմամբ համատիրություններին ընդհանուր հատկացվել է 32 միլիոն ՀՀ դրամ։
Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում են, որ վարչական տարածքում գործող համատիրություններին դրամական աջակցություն Գյումրի համայնքի ավագանին հատկացնում է՝ առաջնորդվելով Գյումրի համայնքի զարգացման ծրագրով, ինչպես նաև համատիրությունների նախագահ-կառավարիչների դիմում-խնդրանքներով։
Համայնքապետարանի պարզաբանմամբ հատկացվող գումարների չափի տարբերությունը պայմանավորված է առանձին համատիրության սպասարկման ներքո գտնվող շենքերի քանակից, դրանց մաշվածությունից, ինչպես նաև կարևոր այլ սկզբունքերից։
Այսպիսով, Գյումրու համայնքապետարանը չունի համատիրություններին դրամական աջակցության հատկացման հստակ, միասնական կանոնակարգ և սահմանված ընդհանուր չափորոշիչ։
Գյումրու բնակֆոնդի մեծ մասը հին է․ 1900-ականների կառույցներ, Խրուշչովյան շինություններ, հետերկրաշարժյան վթարային, որոնք մինչ այժմ ամրացված չեն։ Գյումրու բազմաբնակարան շենքերում տարիներ շարունակ լուրջ խնդիր է մնում տանիքների և ջրակոյուղատար համակարգերի վերանորոգումը։
Համատիրությունների 16 նախագահից 13-ը հարցազրույցների ընթացքում պատմել է, որ բազմաբնակարան շենքերի բնակիչները գերակշիռ դեպքերում դիմում են տանիքների վերանորոգման և նկուղային հարկերում ջրահեռացման խնդրանքով։
Բնակիչներից ստացված խնդիրները, ըստ համատիրությունների նախագահների, մեծամասամբ փորձում են լուծել խնդիրները, բայց դրանք կրում են տեղային, և ոչ թե ընդհանուր բնույթ։ Ամբողջական լուծում ստանալու համար հարկավոր են խոշոր ներդրումներ, օրինակ, վթարային մեկ շենքի կտուրի վերանորոգման համար հարկավոր է 20-30 մլն ՀՀ դրամ։
Համատիրության 16 նախագահից 14-ը պատասխանել է, որ բնակիչների բարձրաձայնած հրատապ խնդիրները լուծելու նպատակով 2019-2023 թվականներին դիմել են Գյումրու համայնքապետարան դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով,նրանք միաժամանակ հաստատել են, որ իրենց ակնկալվող, պահանջվող գումարների չափն ավելին է եղել, քան հատկացրել է Գյումրի համայնքի ավագանին։
Հունիսի 7-ին «Երկխոսության մեդիա» կենտրոնում կազմակերպված «Համատիրություններում առկա խնդիրները, լուծման հնարավոր ուղիները թեմայով քննարկմանը «Գյումրի կենտրոն» և «Կարին» համատիրությունների նախագահները ևս մեկ անգամ հաստատեցին, որ բնակվարձով եւ համայնքի աջակցությամբ անհնար է Գյումրու բազմաբնակարանային շենքերում առկա խնդիրներն ամբողջովին լուծել և հարկավոր է կառավարության աջակցությունը։
Գյումրիում բնակվարձն ընդամենը 10 դրամ է 1 քառակուսի մետրի դիմաց, բայց շատ մարդիկ այդ գումարն էլ չեն վճարում ու տարիներով կուտակված պարտքեր ունեն։
Գյումրիում 90-ից ավելի վթարային բազմաբնակարան շենք կա, որոնք թեպետ բնակեցված են 88-ի ավերիչ երկրաշարժից հետո, սակայն դրանց լուծման ուղղությունները և հիմնանորոգման ժամանակացույցը ևս առկախ է մինչև այսօր։
հեղինակ՝Կարինե Կազարովա
Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com