«Գյումրու համատիրությունները․ խնդիրներ եւ լուծման ուղիներ»

ℹ Գյումրիում համատիրությունները սպասարկում են շուրջ 730 բազմաբնակարան շենք։ Բնակարանի մեկ քառակուսի մետրի դիմաց Գյումրիում սահմանված է 10 ՀՀ դրամ վճար, որն անփոփոխ է մնացել տարիներ շարունակ։ Բազմաբնակարան շենքերի բնակիչներն առանձնացնում են տանիքների եւ կոյուղատար համակարգի վերանորոգման հրատապ խնդիրները։ Այս եւ այլ խնդիրների լուծման նպատակով Գյումրի համայնքի ավագանին գրեթե ամեն տարի դրամական աջակցություն է հատկացնում համատիրություններին։
📌Ի՞նչ խնդիրներ են ստեղծվել համատիրություններում:
📌Արդյո՞ք ավագանու որոշմամբ հատկացված սուբսիդիայով հնարավոր է լուծել բնակիչների թվարկած խնդիրները։
————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Մովսես Ջուհարյան՝ «Գյումրի կենտրոն»համատիրության նախագահ
➡ Սենիկ Եսայան՝ «Կարին» համատիրության նախագահ
➡ Քնարիկ Հարությունյան՝ ՔՊ խմբակցության ավագանու անդամ
➡ Վարդեւան Հակոբյան՝ անկախ ավագանու անդամ
➡ Կարեն Սոսյան՝ «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
—————————————

Երկխոսության մեդիա կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Գյումրու համատիրությունները․ խնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով քննարկում։ Բանախոսներն են եղել «Գյումրի կենտրոն»  համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը, «Կարին»  համատիրության նախագահ   Սենիկ Եսայանը, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը, անկախ ավագանու անդամ   Վարդեւան Հակոբյանը,  «Զարթոնք»   խմբակցության ավագանու անդամ   Կարեն Սոսյանը։

Գյումրիում համատիրությունները սպասարկում են շուրջ 730 բազմաբնակարան շենք։ Բնակարանի մեկ քառակուսի մետրի դիմաց Գյումրիում սահմանված է 10 ՀՀ դրամ վճար, որն անփոփոխ է մնացել տարիներ շարունակ։ Բազմաբնակարան շենքերի բնակիչներն առանձնացնում են տանիքների և կոյուղատար համակարգի վերանորոգման հրատապ խնդիրները։ Այս եւ այլ խնդիրների լուծման նպատակով Գյումրի համայնքի ավագանին գրեթե ամեն տարի դրամական աջակցություն է հատկացնում համատիրություններին։ 2019-2023 թվականներին Գյումրի համայնքի բյուջեից համատիրությունները ավագանու 7 որոշման արդյունքում ստացել են սուբսիդիա՝  ընդհանուր 117 մլն 524 հազար 500 ՀՀ դրամ (միայն 2022 թվականին այս նպատակով գումար չի հատկացվել համատիրություններին)։ Այս գումարները ծախսվել են որոշ շենքերի մուտքերի, տանիքների, նկուղների վերանորոգման, տեսախցիկների տեղադրման նպատակներով։ Համատիրությունների նախագահների մի մասը բնակիչների վճարները եւ համայնքի դրամական աջակցությունն էլ բավարար ֆինասնական աղբյուր չեն համարում որոշ շենքերի վերանորոգման աշխատանքների կազմակերպման համար, քանի որ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո էլ Գյումրիում 90-ից ավելի շենք ունի ամբողջովին հիմնանորոգման կարիք։

«Գյումրի կենտրոն» համատիրությունը սպասարկում է ամենամեծ թվով բազմաբնակարան շենքերը՝ 230-ից ավելի, որոնք կառուցվել եւ շահագործվել են տարբեր տարիների ընթացքում, սկսած՝ 1910 թվականից։ Համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանն ասում է՝ Գյումրիում համատիրությունները հիմնականում ստեղծվել են 2022 թվականից։ «Օրենքում գրված է՝ համատիրությունների ստեղծման ժամանակ համայնքը պարտավոր է պատշաճ ձեւով հանձնել ժողովրդին տվյալ շենքը։ Ի՞նչ է նշանակում պատշաճ ձեւով՝ կտուրը վերանորոգված, մուտքերը վերանորոգած, կոյուղագծերը, ջրագծերը փոխված, բոլոր թերությունները վերացրած պիտի տան ժողովրդին, ժողովուրդն էլ պիտի ստեղծեր իր կառավարման ձեւը, սակայն այդպիսի բան չի եղել, ինչպես եղել է 1908 թվականին կառուցված շենքը, ոչ մի անգամ չվերանորոգված՝ հանձնվել է, եւ մյուս շենքերն էլ․․․ կիսակամավոր, կիսապարտադիր ձեւով ստեղծվել են համատիրություններ եւ այդ համատիրությունները ընկել են կրակը»,-ասում է Մ․Ջուհարյանը։ 1990-ականներից մինչեւ 2010 թվականին շահագործման հանձնված շենքեր է սպասարկում «Կարին»  համատիրությունները։ Համատիրության նախագահ Սենիկ Եսայանն առանձնացնում է նկուղներում առկա հողային կուտակումները, կոյուղագծերը՝ հողի տակ մնալու խնդիրները։ Այս խնդիրները, ըստ նրա, պետք է կարգավորի կառավարությունը։ «Զարթոնք»  խմբակցության ավագանու անդամ Կարեն Սոսյանն ասում է՝ օրենքը չի ստեղծում բավարար տնտեսական հիմքեր համատիրությունների համար, որպեսզի համատիրությունները կարողանան լիարժեք գործել։ «Բավարար տնտեսական հիմքերից կարեւորը ֆինանսական մուտքերն են, որոնք այսօր անբավարար են։

Այդ չնչին գումարներով հնարավոր չէ վերանորոգել, կառավարել շենքերը»,-ավելացնում է ավագանու անդամը։ «Քաղաքացիական պայմանագիր»   խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանն ասում է՝ համատիրություններին համայնքի բյուջեից նախորդ տարի ընդհանուր հատկացվել է 32 միլիոն ՀՀ դրամ։ Գումարների բաշխումը պայմանավորված է եղել տվյալ համատիրության սպասարկման ներքո գտնվող բազմաբանակարան շենքերի թվաքանակով։ Գյումրի համայնքի ավագանու անդամ Վարդեւան Հակոբյանը համատիրությունների աշխատանքի վերահսկող տեսնում է տվյալ շենքի բնակիչներին եւ հարցնում է․ «Միեւնույն ժամանակ մենք նայենք, թե համատիրությունները տարեկան կամ եռամսյակային կտրվածքով թափանցիկությունը, հաշվետվողականությունն արդյո՞ք ապահովում են, թե՞ ոչ»։


Սույն քննարկումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։Սույն քննարկման բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագիրն իրականացվում է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments