Գյումրու պատմական կառույց «Ճերմակ հիվանդանոցի» շենքը չի վաճառվի.տեղի է ունեցել Գյումրու ավագանու արտահերթ նիստը
Գյումրու ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ընդգրկված էին համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմիններ ձևավորելու և դրանց կազմերը համալրելու մասին հարցերը, ինչպես նաև սուբվենցիոն և քաղաքաշինական այլ ծրագրերին առնչվող հարցեր։
Ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե բոլոր հարցերին կողմ է քվեարկել։ Ձեռնպահ է եղել միայն Գյումրու նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքի վաճառքը չեղարկող հարցին։ Այս շենքը վաճառքի էր հանվել ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» կոալիցիոն կառավարման օրոք։ Ըստ Վարդան Ղուկասյանի, այն պետք է վերականգնվի և որպես հիվանդանոց ծառայի քաղաքին, որ Գյումրին 2-րդ հիվանդանոց ունենա։

Ավագանու որոշմամբ, շենքը չի վաճառվի։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը ողջունեց որոշ գույքեր համայնքին վերադարձնելու քաղաքապետի քայլը և առաջարկեց, որ Վարդան Ղուկասյանն էլ վերադարձնի օրինակ` Գյումրու դատարանի նախկին շենքը, Կենտրոնական զբոսայգու այն 5 հողակտորները, որոնք օտարվել են և դարձել իր ընտանիքի սեփականությունը:
Ի դեպ, դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1 ավտոմեքենա, մոտ 223 մլն դրամ:
Կառավարությունը մինչև մայիսի 25-ն է ժամկետ տվել Գյումրու համայնքապետարանին, սուբվենցիոն ծրագրերի հայտեր ներկայացնելու համար։ Այսօրվա նիստի ժամանակ նշվեց, որ սուբվենցիոն ծրագրերով Գյումրիում 18 փողոցների հիմնանորոգում է կատարվելու, ընդհանուրը 2 մլրդ 251 մլն դրամ արժեքով։ Գումարի 55 տոկոսը տրամադրվելու է համայնքային բյուջեից, իսկ 45 տոկոսը՝ մոտ 1 մլրդ դրամ, պետական բյուջեի համաֆինանսավորումն է լինելու։
ՔՊ-ական ավագանու անդամ Սարիկ Մինասյանն առաջարկեց, որ ավագանու անդամներից հանձնաժողով կազմեն ու վերահսկեն փողոցաշինության ընթացքը, որպեսզի նախկինում արված անորակ շինարարությունը չշարունակվի։
Վարդան Ղուկասյանը համաձայն էր առաջարկի հետ, նշեց, որ նախկինում, իր պաշտոնավարման ժամանակ, երաշխիքային ժամկետը 3 տարի էր, հիմա 1 տարի է։ Փոխելու են պայմանագրերը, երաշխիքային ժամկետները 3 տարի են դարձնելու։
ՔՊ-ական ավագանու անդամներից մեկը նշեց, որ «Բալասանյան դաշինքի» իշխանության տարիներին սուբվենցիոն ծրագրով, 800 մլն դրամով արևային կայաններ են ձեռք բերվել ու տեղադրվել համայնքային ենթակայության հաստատությունների տանիքներին՝ էներգիա տնտեսելու նպատակով։ Բայց, ըստ ավագանու անդամի, այդ համակարգերի մի մասը նախատեսված հզորության միայն 30 տոկոսի չափով է աշխատում, որոշներն ընդհանրապես չեն աշխատում, ուղղակի հարմարեցվել են շենքերի տանիքներին։
Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ խնդիրը խորքային ուսումնասիրելու են, առայժմ իրենց ուժերով են փորձում հասկանալ իրավիճակը, եթե տեսնեն չի ստացվում, ապա անկախ աուդիտի կհրավիրեն։
Ավագանու նիստից հետո Վարդան Ղուկասյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նշեց, որ քաղաքապետարանում քաղաքաշինական հարցերով հսկայական դիմումներ են կուտակվել քաղաքացիներից, որոնք ընթացք չեն ստանում թղթաբանության պատճառով։ Ըստ նրա, մինչև թղթաբանությունը չթեթևացվի, վիճակը չի բարելավվի։
«Ես ասում էի, որ Գյումրու քաղաքապետի որոշումները 3 տեղ էին պտտվում, ցավոք սրտի 12 տեղ են պտտվում, հիմա որ նայում ենք, ինձանից հետո ավելի են ավելացրել»,- նշեց նա։
Վարդան Ղուկասյանի խոսքով, օտարված կամ վաճառքի հանձնված մի քանի տարածք համայնքին է վերադարձվելու։ Կարծիք հայտնեց նաև «Սև Բերդ» ամրոցի վերաբերյալ։ Հիշեցնենք, այն պատկանում է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին։
Ղուկասյանը նշեց․ «Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց Սև Բերդը ինքը սարքել է, ինչ որ ճիշտ է, ճիշտ է, էդ ավերածությունը ինքը սարքել է։ Ես իրեն չեմ ընդունում, չեմ հարգում, բայց նմանատիպ կառույց, որ կառուցել է, հանրապետությունում չկա»։
Ըստ Վարդան Ղուկասյանի, 1 ամսից 20-30 տոկոս բարձրանալու են համայնքապետարանի աշխատակազմի և ենթակայության կառույցների աշխատակիցների աշխատավարձերը։ Ղուկասյանը դատապարտեց իր նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ոստիկանության ցուցաբերած գործողությունները։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com