Գնել Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունվարի 30-ին Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին ու ուժային կառույցների ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին: Մինչ մարզպետին ներկայացնելը՝ նախարարը արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Նազելի Բաղդասարյանին՝ ընդգծելով, որ նա շատ արագ մարզային խնդիրներին տիրապետեց ու շատ արագ էլ այդ խնդիրներին լուծումներ տվեց: «Շիրակի մարզը բարդ մարզ է ու բազմաթիվ խնդիրներ կան, բայց նաև հսկայածավալ ծրագրեր կան և այդ ծրագրերը պետք է համատեղ կյանքի կոչել»,- նկատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրեն բարձր վստահության արժանացնելու համար, խոստացել է իր բոլոր ջանքներն ու հնարավորությունները ներդնել մարզի զարգացման համար։ Նախարար Գնել Սանոսյանը մարզպետին պաշտոնապես ներկայացնելուց հետո խոսել է մարզպետարանում սպասվելիք կառուցվածքային փոփոխություններից, Կապսի ջրամբարի, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքից։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com