Դատաիրավական, ուժային կառույցների ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է. Փաշինյան

Նոյեմբերից Հայաստանի բոլոր մարզերում ձևավորվել է քրեական ոստիկանությունը, որը զբաղվում է ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններով։ Զուգահեռաբար ձևավորվել են համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք զբաղվելու են համեմատաբար փոքր հանցանքների օպերատիվ սպասարկմամբ ու քաղաքացիական գործառույթներ են ունենալու։ Գոյություն ունի նաև պարեկային ոստիկանությունը։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ կիրառվելու է ուղղաձիգ կառավարում, նոր կառույցները ենթարկվելու են հանրապետական ոստիկանությանը. «մարզային աստիճանակարգություն գոյություն չի ունենալու»։

Փաշինյանի խոսքով՝ 2025-ի հոկետմբերի 1-ից կգործի նաև ոստիկանության գվարդիան, որը լինելու է ոստիկանության զորքերի իրավահաջորդը։

«Ոստիկանությունը ոստիկանություն է նրանով, որ ըստ պատեհության ուժ կիրառի»,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ուժի կիրառման ստանդարտ Հայաստանում գոյություն չունի։

Դիմելով դատաիրավական ոլորտի ղեկավարներին՝ Փաշինյանն ասաց, որ արդյունքներ են պետք. «Ի հեճուկս թոշակների, սոցիալական խնդիրների, մենք աշխատավարձեր ենք բարձրացրել իրավապահ մարմիններում, կառույցներ ենք ստեղծել, սարքեր, ավտոմեքենաներ ենք առել, օրենքներ ենք փոխել, բայց չունենք բացատրություններ։ Մարդիկ չեն հավատում, որ բոլոր այդ բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրել։ Ես չեմ ուզում հասնենք նրան, որ մենք գնանք նորից շենքեր շրջափակենք։ Կոռուպցիոներները սրճարաններում առավոտից երեկո քեֆ են անում։ Ի՞նչն ենք սխալ անում, ի՞նչ չենք տվել մեր իրավապահներին»,- բողոքեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «նրանք, ովքեր ճռռիկ-վռռիկներ էին անում, հիմա նույն բանը անում են»։

«Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ես ուղիղ բոլորիդ ասում եմ, կարծես՝ քյասիբի ռադիո լինեմ։ Գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ծափ եք տալիս, հետո հաջորդ տարի նորից գալիս եմ, նույն ելույթը, ավելի ուժգին եք ծափահարում…ո՞վ է ում ձեռ առնում։ Սրա վերջը եկել է, ես էլ բան չունեմ տալու։ Ինչ ինձնից ուզել եք, տվել եմ, ես որ գյուղ մտնում եմ, ասում են, որ այն ժամանակ էլ էին ինչ-որ մեկից վախենում, հիմա էլ»,- հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ եթե իշխանությունը թույլ է, ուրեմն թույլ են իրավապահ մարմինները։ Նա հայտարարեց, որ արդեն որոշումներ է կայացնելու և թույլ չի տալու, որ «վարչապետի ասածը բան էր, որ ասվեց, անցավ, գնաց»։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments