Դատախազությունը կոչ է անում չխախտել ռազմական դրության սահմանափակումները և չանցկացնել հավաքներ

Գլխավոր դատախազությունը կոչ է անում չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց։Նշելով, որ «վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին», Դատախազությունը պարզաբանում է՝ երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության սեպտեմբերի 27-ի որոշմամբ Հայաստանի ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվել է:Պարզաբանվում է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով:Բացի այդ, Քրեական օրենսգրքով մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ փաստորեն ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։«Հետևաբար, բացասական իրավական հետևանքներից զերծ մնալու համար կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն, չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում ուղղակիորեն արգելված՝ հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց», – ասված է հաղորդագրությունում:

Աղբյուր՝  http://www.prosecutor.am/am/mn/8001/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments